30/08/2023 14:11
«Բա տունը սարքել ենք, որ փայտե տանն ապրե՞ս»․ Փաշինյանը՝ Գյուլագարակի տարեց բնակչուհուն
Լոռու մարզ կատարած իր այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև մարզի բնակիչներին, զրուցել նրանց հետ։ Գյուլագարակում Փաշինյանին է մոտեցել գյուղի տարեց բնակիչներից մեկը՝ շնորհակալություն հայտնելու իր խնդրանքը կատարելու և իր տունը վերանորոգելու համար։
Փաշինյանն էլ հայտարարել է, որ 2020 թվականին տարեց բնակիչներից մեկին խոստացել է, որ տունը կսարքեն:
«Վարչապետ, մեռնեմ կյանքիդ։ Այն տունը մտիկ արա, այն գեղեցիկ տունը, ո՞վ է սարքել։ Վարչապե՛տը։ Տե՛ս ինչ գեղեցիկ տուն է։ Գյուղապետից էլ եմ շնորհակալ, մեռնեմ գյուղապետի կյանքին», - վարչապետին դիմելով՝ ասաց տարեց բնակչուհին, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ կնոջ խնդրի մասին տեղեկացել է տարիներ առաջ։
Դիմելով վարչապետին՝ կինը նաև գանգատվեց, որ լոգարանը վերանորոգված չէ, տաք ջրից օգտվելու հնարավորություն չունի։ Նա նաև հավելեց, որ ինքն այժմ փայտե տանն է ապրում, ինչին ի պատասխան Փաշինյանը հարցրեց․ «Բա տունը սարքել ենք, որ փայտե տանն ապրե՞ս»։
Բնակչուհին նաև խնդրեց, որ վարչապետը դուռ դնի տանը և լոգարանը նորոգի: