30/08/2023 14:35
Ամուր հիմք՝ աշխատաշուկայում առաջին քայլերը կատարելիս․ ՃՇՀԱՀ-ի շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները
Գառնիում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան՝ աշխարհին պետք է ներկայանա իր կրթված երիտասարդներով, որոնք, ապավինելով գիտելիքի ուժին, պատրաստ են ամրացնել ու շենացնել իրենց հայրենիքը, դառնալ խաղաղության, համերաշխության և միասնական աշխատանքի դեսպաններ Հայաստանում և ամբողջ աշխարհում։
«Սիրելի շրջանավարտներ, վստահեցնում եմ ձեզ, որ մասնագիտական գործունեության բոլոր ոլորտներում դուք պահանջված եք, գիտեմ որ ձեզանից շատերը արդեն ներգրավված են մասնագիտական գործունեության մեջ, բայց դուք պաշտոնապես ձեր աշխատանքային գործունեությունը սկսում եք մի շրջանում, երբ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ մեկնարկում է մեգա քաղաքաշինական նախագիծ, որը կոչվում է Ակադեմիական քաղաք, որտեղ իր ծանրակշիռ մասնագիտական մասնակցությունը ունի նաև մեր համալսարանը»,- ասել է նա: