30/08/2023 18:43
Սեպտեմբերից Հայաստանի դպրոցների ֆինանսավորումն իրականցվելու է ըստ դասարանների թվի
«Եթե նախկինում դպրոցների ֆինանսավորում իրականցվում էր ըստ աշակերտների թվի, ապա այժմ իրականացվելու է ըստ դասարանների թվի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
«Նոր չափորոշչի ներդրվող դասարաններում լինելու է ուսուցիչների դրույքաչափի բեռնաթափում. գործող 22 ժամվա փոխարեն 2-րդ դասարանում շաբաթական 18 ժամ են դասավանդելու, իսկ 5 և 7-րդ դասարաններում՝ 20-ական ժամ: Աշխատավարձը պահպանվելու է 22 ժամ դրույքաչափի համամասնությամբ»,- մանրամասնել է նա:
Մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում, որտեղ չկար մեկ դրույքաչափով աշխատելու հնարավորություն, քանի որ առարկաների դասաժամերը քիչ էին, ուսուցիչների աշխատավարձը կկլորացվի մինչև մեկ դրույք, բայց ոչ ավելի, քան կես դրույքի չափով:
Մեկ այլ փոփոխությամբ դպրոցների բյուջեները կազմվելու են ավտոմատացված համակարգով: Ծրագիրը և բանաձևերը հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Տնօրեններից միայն պահանջվելու է տեղադրել ամբողջ տեղեկատվությունը:
Ֆինանսավորման նոր մոդելով՝ դպրոցներն ունենալու են հոգեբանական ծառայության հնարավորություն՝ հոգեբանի հաստիքի ներդրմամբ:
Ֆինանսավորման նոր մոդելը փոփոխություն կմտցնի նաև ներառական կրթության ոլորտում: