30/08/2023 11:35
Բարդ ընթացակարգ է եղել. Դավիթ Իշխանյանն ինչպես է 3 հոգանոց խմբակցության անդամ լինելով ընտրվել ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Հրավիրված ասուլիսի ժամանակ այսօր Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ասաց, որ առաջին հայացքից անտրամաբանական է թվում, թե ինչպես կարող էր 3 հոգուց բաղկացած ընդդիմադիր խմբակցության անդամն ԱԺ նախագահ ընտրվեր:
«Բայց մենք այդ հարցին տվել ենք սպառիչ պատասխաններ: Մենք դասական իրավիճակում չենք։ Եթե մենք մի իրավիճակում գտնվեինք, որտեղ դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում տրամաբանական կլիներ, որ քաղաքական մեծամասնությունն ինքն ունենար խորհրդարանի ղեկավար: Երբ նախագահը ինձ հրավիրեց և առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել, բնականաբար, քննարկվեց հարցը այլ ուղղությամբ: Քննարկվեց, որ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա թեկնածու, սակայն ինձ ընտրի նախագահի պաշտոնում, որպեսզի խոսակցությունների տեղիք չտա»,-նշեց Իշխանյանը:
Նա հայտնեց, որ այդ հարցը միանգամից ընդունելի չի եղել. «Բարդ գործընթաց է եղել, նախ մեր ներկուսակցական քննարկման թեմա է դարձել: Այդ ընթացակարգն անցնելուց հետո է նոր վերջնական համաձայնություն տրվել՝ հաշվի առնելով այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները: Իսկ մնացածը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին, երբ իմ թեկնածությունն առաջադրվեց ԱԺ նախագահի պաշտոնում»: