30/08/2023 20:10
Կիսատ-պռատ քաղաքագետներն իմ «մոտալուտ մահն» են գուժել․ Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արձագանքել է իր «մոտալուտ մահվան» մասին լուրերին։
«Այսօր ինձ զվարճացրեցին Ռուսաստանից նեղսրտած կիսատ-պռատ քաղաքագետների մտորումները՝ տպագրված օտարալեզու լրատվամիջոցներում․ նրանք իմ մոտալուտ մահն են գուժել։ Չեմ հոգնի կրկնելուց և կասեմ ևս մեկ անգամ՝ ես Ռուսաստանի Գերագույն հրամանատարի զինվորն եմ և ինքս ինձ չեմ պատկանում։ Ես պատկանում եմ կրոնին՝ հավատին, հայրենիքին ու նրա շահերին»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Կադիրովը՝ նշելով, որ կկատարի ՌԴ նախագահի ցանկացած հրաման, անգամ կյանքի գնով, իսկ ժամանակից շուտ կյանքից կհեռանա, երբ իմանա, որ Վլադիմիր Պուտինին իրենից ավելի շատ հարգող և իրենից ավելի նվիրված մարդ է հայտնվել։
Կադիրովն ասել է նաև, որ ՌԴ նախագահին պարտական է կյանքով, նա իր կյանքը երկու անգամ փրկել է։
«Տեղեկատվական էժանագին արտանետումներ անողները ստիպված են հաշվի նստել այն փաստի հետ, որ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմաթ-Խաջի Կադիրովի թիմը հավատարիմ զինվորների թիմ է, որոնց համար մահը սարսափելի չէ»,- իր գրառումն ամփոփել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։