30/08/2023 14:04
Վենետիկում մեկնարկում է 80-րդ հոբելյանական կինոփառատոնը
Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնը, որին ներկա կգտնվեն բազմաթիվ կինոաստղեր․ ոմանք էլ, սակայն, չեն կարողանա գալ՝ ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլի պատճառով:
Աշխարհի ամենահին կինոստուգատեսի հիմնական ծրագրին կնախորդեն միջոցառումներ՝ նվիրված դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հիշատակին, որը մահացավ այս տարվա հունվարին` 95 տարեկան հասակում։ Հանդիսավոր բացման արարողությունը կսկսվի երեկոյան «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» պարգևատրմամբ՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում ներդրած ավանդի և կարիերայի նվաճումների համար։ Պատվավոր մրցանակը շնորհվել է իտալական կինոռեժիսոր, սցենարիստուհի, «Գիշերային դռնապան» (The Night Porter, 1974) կուլտային ֆիլմի հեղինակ Լիլիանա Կավանիին։
Միջազգային ժյուրին ռեժիսոր Դեմիեն Շազելի գլխավորությամբ կգնահատի հիմնական մրցույթում ընդգրկված 23 կինոնկար։ Կինոփառատոնի հիմնական մրցանակների համար կպայքարեն Լյուկ Բեսոնի, Բրեդլի Կուպերի, Սոֆյա Կոպոլայի, Դեյվիդ Ֆինչերի ֆիլմերը։