31/08/2023 22:40
Ցերեկը նույնիսկ 5 րոպե քնելն օգտակար է առողջության և հիշողության համար
Չինացի գիտնականները պարզել են, որ նույնիսկ հինգ րոպե տևող քունը կարող է դրական ազդել մարդու մտավոր ունակությունների վրա, անգամ կանխել դեմենցիան։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են բրիտանական British Medical Journal գիտական ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են Չինաստանի խոշոր քաղաքներում (Պեկին, Շանհայ և Սիան) 60-ից բարձր տարիքի ավելի քան 2200 առողջ մարդկանց քնի ռեժիմը: Նրանցից 1534-ը քնել են ցերեկային ժամերին՝ հինգ րոպեից մինչև երկու ժամ, իսկ մնացած 680 հոգին ցերեկը երբեք չի քնել:
Պարզվել է, որ ցերեկային քունը նպաստում է տարեց մարդկանց՝ տարածության մեջ ավելի ճշգրիտ կողմնորոշմանը, խոսքի սահունությանը և հիշողության հստակությանը:
Հետազոտության բոլոր մասնակիցները նաև թեստ են անցել՝ պարզելու՝ ունե՞ն արդյոք դեմենցիայի նշաններ: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր սովորություն ունեն ցերեկային ժամերին քնել, ավելի լավ վիճակում են։
Զարգացած երկրներում դեմենցիան զարգանում է 65-ից բարձր տարիքի յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ: Ընդհանուր առմամբ, աշխարհում մոտավորապես 50 միլիոն մարդ ապրում է այս հիվանդությամբ, այն առաջացնում է հիշողության, մտավոր ունակությունների վատթարացում, ինչպես նաև ժամանակի և տարածության մեջ չկողմնորոշվելու և ծանոթ մարդկանց չճանաչելու խնդիրներ:
Հետազոտողները նշում են, որ հինգ րոպեանոց քունը կարող է բավարար լինել՝ նկատելիորեն ավելի լավ զգալու համար:
Մեծ Բրիտանիայի Ալցհեյմերի հետազոտության հետազոտող Սառա Իմարիսիոն Daily Mail-ին տված հարցազրույցում նշել է, որ դեմենցիա ունեցող մարդիկ քնի խանգարումներ են ունենում։
Նրա խոսքով՝ հետազոտողները չեն կարողացել պարզել, թե ինչպես է ցերեկային քունն ազդում հիշողության և մտքի վրա, բայց ցույց են տվել, որ դրանց միջև կապ կա։
«Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու քնի հետ կապված գործոնները։ Սա թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել դեմենցիայի և օրվա ընթացքում քնի միջև կապի մասին», - ասել է նա:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն