31/08/2023 10:50
Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
Հայաստանը և Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։
Համաձայնագրին հավանություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով, իսկ երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը և գործընկերային հարաբերություններն ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:
«Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների փոխայցերը, ինչպես նաև պաշտպանության ոլորտի իրավապայմանագրային դաշտում մինչև օրս ստորագրված մի շարք իրավական փաստաթղթերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին:
Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցությունն իրականացվում է պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ 2011 թվականին ստորագրված համաձայնագրով՝ նպատակ ունենալով ապահովել հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա ռազմատեխնիկական համագործակցության համար պատշաճ պայմաններ: Տարբեր տարիներին ստորագրվել են համաձայնագրեր հունական ռազմական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի և պայմանների մասին, սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների, ռազմաբժշկական բնագավառում համագործակցության մասին, որոնք նախատեսել են փոխգործակցության իրականացում ռազմական կրթության, զորավարժությունների և ուսումնական վարժանքների, ռազմական բժշկության, ռազմական տեղագրության, խորհրդատվական աջակցության ոլորտներում:
Նշվում է, որ 2018 թվականին հայկական կողմը առաջարկել է հունական կողմին միջպետական մակարդակով կնքել ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչին հունական կողմը դրական պատասխան է տվել:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:
Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:
Համաձայնագրի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:
Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:
Համաձայնագրում ամրագրված է նաև դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը: