31/08/2023 13:17
Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությանը հայտնել է, որ հրաժարական է տալիս։ Նա իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:
Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:
Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը»։