31/08/2023 17:26
Արցախի նախագահի պաշտոնում առավել հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Արցախի Ազգային Ժողովը առաջիկա երեք օրերի ընթացքում կվավարեցնի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, իսկ յոթ օր անց, ըստ Արցախի Սահմանադրությամբ նախատեսված դրույթի՝ նախագահի նոր թեկնածու կառաջադրվի։
«Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրն ասում է՝ ամենայն հավանականությամբ Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու է նորանշանակ Պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, ով մինչ այս պահը ղեկավարում էր Արցախի ԱԱԾ-ն։
Հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանը ստեղծված իրավիճակում հավակնո՞ւմ է Արցախում բարձր պաշտոն զբաղեցնել, աղբյուրը պատասխանել է, որ չի բացառում, սակայն ասել է՝ նա ո՛չ նախագահի, ո՛չ պետնախարարի պաշտոնում նշանակվելու շանսեր այս պահին չունի, նրա անձը, որպես այդպիսին, չի քննարկվում։
Թե ո՞վ կլինի նոր պետնախարարը՝ Սամվել Շահրամանյանի հավանականորեն նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, դեռևս պարզ չէ, այդ թեմայով քննարկումներ դեռևս չեն եղել Արցախում, ասել է աղբյուրը։
Հնարավորությունը, որ Արցախի ԱԱԾ-ն ձերբակալի պաշտոնաթող Արայիկ Հարությունյանին, լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը քիչ հավանական է համարել։
Ամփոփելով զրույցը՝ աղբյուրն ընդգծել է՝ Արցախում կատարվեց անհնարին թվացողը՝ պաշտոնից հեռացվեց ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի՝ Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ Արայիկ Հարությունյանը, և սա պետք է լուրջ ազդակ հանդիսանա, որ Հայաստանում գործընթացներն արագացվեն, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հրամայականը նույնպես անհապաղ իրականություն դառնա, հակառակ պարագայում Արցախի և Հայաստանի փրկության վերջին հույսը կարող է ի չիք դառնալ։