31/08/2023 10:37
Անհապա՛ղ գումարեք ՄԱԿ-ի ԱԽ նիստ․ քաղաքացիների ուղերձը՝ Բայդենին
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին․
Հարգելի՛ նախագահ Ջո Բայդեն,
Ձեզ՝ որպես մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և միջազգային կանոնների հաստատակամ ջատագովի «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը շտապ կոչ է անում Ձեր հարգարժան առաջնորդությամբ անհապաղ գումարել Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ: Համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ հրավիրված է Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հայ ժողովրդի առջև ծառացած ճգնաժամային իրավիճակի վրա։
Բերձորի (Լաչին) միջանցքի վերաբերյալ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023թ․ հուլիսի 6-ին) իրավապարտադիր որոշումները ընդգծում են հարցի հրատապությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ս․թ․ օգոստոսի 16-ի նիստում հանդես եկած բազմաթիվ երկրների կողմից արտահայտված ճնշող աջակցությունը կրկնում է այս հումանիտար ճգնաժամը լուծելու հրամայական անհրաժեշտությունը:
ՄԱԿ առաքելությանը և Միացյալ Նահանգների կողմից հաստատված սկզբունքներին համահունչ՝ մենք կոչ ենք անում ընդունել վճռական բանաձև, որը կանդրադառնա հետևյալ կենսական կետերին.
մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։
Բերձորի միջանցքի բացում եւ անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթևացնելու և բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:
Պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների և խոշտանգումների դեմ։
Խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի և հարգվի։
Որպես մարդու իրավունքների և ազատությունների առաջամարտիկ ջատագով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդությունն այս կարևոր նախաձեռնություններին պաշտպանելու գործում առաջնային է: Աշխարհը նայում է արդարության և խաղաղության հանդեպ Ձեր հանձնառությանը, ինչի օրինակն է Ձեր ազգի պատմական նվիրվածությունը:
Մենք դիմում ենք Ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ համախմբելով միջազգային հանրությանը այս հրատապ խնդիրների լուծման համար: Արցախի հայ ժողովուրդն արժանի է ոչ պակաս, քան իր իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ ապագայի ապահովմանը։