31/08/2023 14:07
Փորձարկում ենք արհեստական բանականությամբ նպաստի համակարգի գործարկումը. Նարեկ Մկրտչյան
Վերջին երկու տարիների ընթացքում՝ միասնական սոցիալական ծառայության ստեղծումից հետո, միայն վարչարարության արդյունքում շուրջ 15 հազար ընտանիք դուրս է եկել անապահովության համակարգից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նոր համակարգ է մշակվում և առաջիկայում կներկայացվի քննարկման: Այդ համատեքստում աշխատանք է առաջարկվելու բոլոր աշխատունակ մարդկանց, և նրանք դիտարկվելու են որպես պոտենցիալ արժեք ստեղծող մարդիկ:
Նրանց թիվը քիչ չէ: Շուրջ 40 հազար մարդ, ըստ էության, աշխատունակ տարիքում է, աշխատունակ է և կարող է աշխատել՝ դուրս գալով այդ համակարգից»,- ասաց նախարարը։
Նա նաև հավելեց. «ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ փորձարկում ենք արհեստական բանականությամբ այդ նպաստի համակարգի գործարկումը: Եվ այն քիչ երկրներից ենք, որտեղ արդեն այդ գործիքի փորձարկումը կա: Հուսով ենք՝ առաջիկայում՝ այդ համակարգը ներկայացնելուց հետո, ամբողջությամբ չէ, բայց քայլ առ քայլ կանցնենք նոր համակարգի»: