31/08/2023 18:39
«Մեր երեխեքի արյան հաշվին ապրում ու պաշտոններ են գրավում», «Պապիկյանը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի մեզնից, ոչ թե փախչի, թաքնվի»․ Անհետ կորած զինվորների ծնողներ
Անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիան ՀՀ ՊՆ շենքի մոտ։ Պահանջում են տեղից շարժվել ու որևէ քայլ անել՝ անհետ կորած իրենց զավակների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Նաև հանդիպում են պահանջում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ծնողներին էր մոտեցել ՊՆ ներկայացուցիչը, անհետ կորածների հարազատներն ու ծնողները նրան հորդորեցին Սուրեն Պապիկյանի քայլերը չարդարացնել։
«Սպային դանակահարողը հանկարծ դարձավ նախարար, իսկ դուք, լինելով սպա, փորձում եք արդարացնել նրան»,- ասում են ծնողները։
Անհետ կորած զինծառայողի մայր Կարինե Մանավազյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց՝ մայիսի 2-ից հանդիպում են պահանջում Պապիկյանի հետ, այն դեռ տեղի չի ունեցել։
«Հանդիպում են խոստացել, առ այսօր այդ խոստացած հանդիպումը չի կայացել։ Մենք պահանջում ենք՝ վերադարձրեք մեր տղաներին։ Խաբեբայությամբ տարել, հանձնել են թուրքին, դե, հիմա թող բերեն»,- ասաց զինծառայողի մայրը։
Կարինե Մանավազյանը վրդովված հավելեց․ «Պապիկյանն ի՞նչ է հասկանում՝ սպայի խոսքն ինչ է, մեր երեխեքի արյան հաշվին ապրում ու պաշտոններ են գրավում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք չգիտենք՝ քո երեխան որտեղ է։ Դա պատասխա՞ն է ծնողին»։
Հիմա էլ անհետ կորածների ծնողներին ասել են, որ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումը վաղն է կայանալու։ Մինչ այդ խոստացել էին այսօր՝ 17։00-ին կազմակերպել։
Անհետ կորածների ծնողները լրագրողներին ասացին՝ փոխանակ իրենցից ներողություն խնդրեն, տանում-բերում են։
«Ինքը պետք է վազի ծնողների հետևից, ծնկաչոք ներողություն խնդրի, ոչ թե փախչի, թաքնվի, դուրս չգա»,- ասացին նրանք։
Վրդովված ծնողները հայտնեցին նաև՝ այս ընթացքում մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել։