31/08/2023 18:10
Երեք օր է՝ Արցախի տղամարդիկ գիշերում են Ասկերանի մատույցներում, որ թույլ չտան ադրբեջանական բեռը մտնի Արցախ, ցերեկները կանայք ևս միանում են նրանց․ վճռական են՝ ցեղասպանի ձեռքից հաց չեն ընդունի
Օգոստոսի 29-ից Ադրբեջանը, որպես «բարի կամքի» դրսևորում, հայտարարեց, թե «հումանիտար» բեռ կուղարկի Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, ինչին դեմ արտահայտվեց արցախահայությունը՝ փակելով ճանապարհի Ասկերանի հատվածը։ Ադրբեջանն այս բեռները հասցրեց Ակնա, իսկ Ալիևի օգնականն առաջ քաշեց հերթական նախապայմանը՝ ասելով, որ եթե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացվի, 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Բերձորի միջանցքը։ Այս ամենին ի պատասխան՝ արցախահայությունը հայտարարեց, որ լավ է ճանաչում Ադրբեջանին, նրան չի վստահում և խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություն իրականացնող երկրից օգնություն որևէ դեպքում չեն ընդունելու։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղար Անահիտ Պետրոսյանն ասել է, որ Արցախի տարբեր շրջանների բնակիչներն ասկերանցիների հետ շարունակում են փակ պահել ճանապարհը՝ վճռական են։
«Երեկ ադրբեջանցիները փորձել են ռուս խաղաղապահների միջոցով այդ բեռները մտցնել Ասկերան, սակայն ժողովուրդը կտրուկ մերժել է։ Նրանք միաբերան հայտարարեցին՝ այդ ալյուրի կարիքը չունեն, Ադրբեջանն այսօր ցեղասպանություն է անում Արցախում, հետևաբար՝ ցեղասպանի ձեռքից հաց չեն ընդունի։ Երեք օր է՝ մեր տղամարդիկ գիշերում են այդ ճանապարհի մոտ, որպեսզի թույլ չտան որևէ կերպ այդ բեռը մտնի Արցախ։ Ցերեկները կանայք ևս միանում են տղամարդկանց։
Ընդհանուր վճռականություն կա, որ ոչ մի պայմանով չպետք է որևէ բեռ մտնի Արցախ»,- նշել է Անահիտ Պետրոսյանը։
Նա տեղեկացրել է, որ այսօր ԱԺ պատգամավորները ևս գնացել են ճանապարհի այդ հատված, թե ինչ են քննարկել՝ տեղեկություններ չունի։
«Կարծում եմ՝ որևէ ուժ այս մարդկանց չի կարող համոզել, քանի որ նրանք 8 ամսից ավելի է՝ գտնվում են ճնշումների ու սովի մեջ, նրանք չեն նահանջի։ Պետք է ադրբեջանցիներին հստակ ասվի, որ մենք մուրացկան չենք, մենք չենք մուրում, թող մեր կյանքի ճանապարհը բացեն, մենք մեր հողում ապրենք»,- եզրափակել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղարը։
Ադրբեջանն արդեն 263-րդ օրն է՝ փակ է պահում Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ սովի մատնելով արցախահայությանը, նրանց համար ստեղծելով նաև բազմաթիվ անվտանգային խնդիրներ։