31/08/2023 10:07
«Փաստ». Արայիկ Հարությունյանի «պրոտեժեն» ինչպես՞ է հաջողացնում իր անմիջական ղեկավարին բացատրել նման ապօրինի կառույցների առկայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ չորս ամիս է` քաղաքացիները և լրատվամիջոցները ահազանգում են Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբի գործունեության վերաբերյալ, որը կոպտորեն խախտում է Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշումը, որով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բնակելի շենք-շինություններից, կրթական հաստատություններից, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
Սակայն, ի մասնավորի, խնդրի լուծմանը լիազորված քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և նրա ղեկավար Գարեգին Խաչատրյանը, բազմիցս արծարծված այս հարցին ամիսներ շարունակ քաջատեղյակ լինելով, անհաղորդ են մնում և դրսևորում առնվազն տարօրինակ անտաբերություն: Ինչի՞ մասին է վկայում այս ամենը, իրավիճակին լիարժեքորեն չտիրապետելո՞ւ, թե՞ որոշակի անձնական հետաքրքրվածության, ուրիշ ինչպիսի՞ շարժառիթ կարող է լինել անընդհատ քննարկվող այս թեմայի նկատմամբ նմանատիպ անտարբերությունը:
Օրինակ՝ վերջին շրջանում թափ առած՝ օրենքի խախտումներով աշխատող բենզալցակայանների փակման ֆոնին նման գիշերային ակումբների գործունեությունը հովանավորությա՞ն, թե՞ պաշտոնեական անփութության արդյունք է, և ինչու՞ չի տրվում որևէ պարզաբանում։ Հետաքրքիր է, թե, օրինակ՝ վերոնշյալ տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանը, որն, ինչպես կառավարության կուլիսներում են խոսում, համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «պրոտեժեն», ինչպես՞ է հաջողացնում իր անմիջական ղեկավարին բացատրել նման ապօրինի կառույցների առկայությունը:
Ակնհայտ է, որ այս կառավարությունում ավելի հաճախակի է ի հայտ գալիս տարատեսակ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի ղեկավարների կողմից ոչ միայն խնդիրների, այլև օրենքի տառի վրա թքած ունենալը, որն աստիճանաբար գլոբալ բնույթ է կրում: Իսկ թե առանձին օբյեկտների արտոնյալ կարգավիճակ ունենալն ինչով է պայմանավորված, հուսանք՝ կպարզեն իրավապահները...»։