01/09/2023 23:12
Խորհուրդներ դպրոցականների ծնողներին. Հոգեբան Ռուզաննա Շավրեշյան
Սեպտեմբերի մեկին և նոր ուսումնական տարվան ընդառաջ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի խաղաթերապիայի կաբինետի մանկավարժ-հոգեբան Ռուզաննա Շավրեշյանը ծնողներին հորդորում է առավել ուշադիր լինել, քանի որ երբ երեխան դպրոցից վերադառնում է տուն, շատ ծնողներ հաճախ սխալ հարցեր են տալիս, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ։
Ինչ կարելի է հարցնել երեխային՝
Ինչը՞ ստիպեց քեզ այսօր ժպտալ դպրոցում,
ի՞նչ բարի բան ես արել այսօր դպրոցում,
ասա որևէ բան, որն իմացար այսօր, որը չգիտեիր երեկ,
ո՞րն էր ամենադժվար բանը, որն այսօր արել ու հաղթահարել ես,
եթե որևէ բան կարողանայիր փոխել այսօրվա մեջ, ի՞նչը կփոխեիր,
ի՞նչը ստիպեց, որ քո ուսուցիչը ժպտա,
ո՞րն էր ամենահետաքրքիր բանը, որն ասաց ուսուցիչն այսօր,
ի՞նչ ես կարծում, եթե այսօր զանգեի ուսուցչուհուդ, ի՞նչ կասեր քո մասին։
Նախապատրաստեք երեխային այն ապրումներին, որոնք նա կունենա՝ շեշտը դնելով հիմնականում դրական հույզերի վրա։
Հաճախ գովեք երեխային նոր հաջողությունների համար և մի՛ քննադատեք ձախողումների համար, փոխարենը կարող եք ասել, որ վստահ եք՝ նրա մոտ ամեն բան կստացվի, եթե նույնիսկ թերանա, Դուք միշտ պատրաստ եք օգնել նրան։
Մի՛ պահանջեք երեխայից ավելին, քան նա կարող է։
Մի՛ պարտավորեցրեք երեխային, որ այս տարի պետք է լավ սովորի, ու եթե ցածր գնահատականեր ստանա, կգցի ընտանիքի պատիվը, դա կնշանակի՝ չի սիրում իր մայրիկին և նմանատիպ այլ արտահայտություններ։
Երեխային մի՛ համեմատեք այլ երեխաների հետ։
Ճիշտ կազմակերպեք երեխայի առօրյան, նա պետք է ազատ ժամանակ ունենա խաղի համար, հանգստի համար և, իհարկե, հասակակիցների հետ շփման համար։
«Սիրելի՛ ծնողներ, եկեք սկսենք փոխել մեր մոտեցումները հենց այս պահից և ինքներդ կտեսնեք, թե ինչպես կփոխվի երեխայի վերաբերմունքը դպրոցի, դասերի, դպրոցական ընկերների և ուսուցիչների նկատմամբ»,-խորհուրդ է տալիս հոգեբանը։
Մի՛ մոռացեք ձեր երեխաներին ասել, որ դուք նրանց շատ եք սիրում, արեք դա առանց առիթի, ամեն օր ու օրվա ցանկացած ժամին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն