01/09/2023 12:45
Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա
Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել նրա տեղաշարժը, վարքագծային առանձնահատկությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։
Վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխել էին «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստանում է համապատասխան խնամք։
«Մեր մասնագետները քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային տվիչ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու չուն, լոկալ տեղաշարժերը, վարքագծային առանձնահատկությունները, տեսակների էկոլոգիային և կենսաբանությանը վերաբերվող այլ հետաքրքիր փաստեր, վեր հանել սպառնացող վտանգների մի մասը, օրինակ՝ թռչնի համար վտանգավոր էլեկտրասյուներն ու լարերը և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թռչունը մի քանի օրից բաց կթողնվի վայրի բնություն։
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։