01/09/2023 18:40
ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել՝ Սոթքում և Նորաբակում լսելի են Ադրբեջանի կրակոցները,բնակիչներն ահաբեկված են
Պաշտպանի հայտարարությունը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ․
Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը խաթարում է նաև խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։
Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ կրակոցները բնակավայրերում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Սոթքում գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են, հնձած խոտը մնացել է դաշտերում, և մարդիկ չեն կարողանում այն հավաքել և տեղափոխել գյուղ: Բացի այդ, գյուղատնտեսական տեխնիկան (տրակտորը) մնացել է դաշտում, վարորդը՝ մտահոգվելով, որ կարող է թիրախավորվել, չի մոտենում տեխնիկային։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։
Ադրբեջանի զինված ուժերի այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»։