01/09/2023 20:06
Ոստիկանների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար Պաշտպանը գրություններ կուղարկի իրավասու մարմիններին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ոստիկանության Շենգավիթի բաժնի միջանցքում ընկած է տղամարդ՝ վրան և շուրջը արյան հետքեր: Տղամարդը 45-ամյա Արայիկ Ավագյանն է, նրա պաշտպան Գևորգ Մխիթարյանի խոսքով՝ պարեկային ծառայողները բաժին տեղափոխելու ճանապարհին գործադրել են հոգեբանական բռնություն, հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Բաժնում, ըստ փաստաբանի, ոստիկանները հարվածել են քաղաքացուն, այնուհետև հրել են, որի հետևանքով Արայիկ Ավագյանն ընկել է միջանցքի պատուհանի վրա, վնասվել:
Ներքին գործերի նախարարությունից նշել են, որ երեկ ժամը 1:40-ին, Երևանում պարեկային ծառայողները Թամանցիների փողոցում ձերբակալել են տղամարդու, որը վիճաբանության ընթացքում դանակով սպառնացել է մի կնոջ: Ըստ պարզաբանման՝ բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին, դանակը նետել գետնին, այնուհետև՝միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը: Ոստիկանների գործողությունների իրավաչափությունը, հանգամանքները պարզելու համար ծառայողական քննություն է կատարվում: Քննչական կոմիտեից հայտնել են, որ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՄԻՊ ներկայացուցիչներն այսօր այցելել են Արայիկ Ավագյանին, զրուցել նրա հետ, ուսումնասիրել բժշկական և այլ փաստաթղթերը։ Պաշտպանը պարզաբանումներ ներկայացնելու պահանջով գրություններ կուղարկի իրավասու մարմիններին։