01/09/2023 16:01
Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է լինել կոնկրետ ու կայուն լուծման մաս․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կասինժեն։
Նրա խոսքով` այս քայլերի հաջորդականությունը և ճանապարհներից յուրաքանչյուրով առաքվող բեռի տեսակը, ինչպես նաև հարակից ընթացակարգերը վերջին քննարկումների առանցքում են եղել:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը, որին աջակցել է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, առաջնահերթ կարգով կենտրոնացել են Ղարաբաղում ապրող հայերի հումանիտար իրավիճակի լուծման ուղղությամբ: Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախ են շփվել Բաքվի, Երևանի և ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար»,– ասել է Կասինժե:
Նա շեշտել է, որ ներկայում հումանիտար իրավիճակը Ղարաբաղում սրընթաց վատթարանում է. չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:
«ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ համաձայնագրերի և Միջազգային դատարանի որոշման համաձայն և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների ապահովման համար կարող է նաև լինել կոնկրետ ու կայուն լուծման մաս` հրատապ և ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար»,– ասել է Կասինժեն:
Նա հայտնել է, որ այս քննարկումը սկսվել է 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում` Միշել–Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումից հետո։