01/09/2023 23:01
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հետևել է ոստիկանների ատեստացիայի կրակային պատրաստության ստուգմանը
Սեպտեմբերի 1-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստացիայի կրակային պատրաստության ստուգման փուլը, որին հետևել են ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության պետի տեղակալները։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք զրուցել են ատեստացիա անցնող ոստիկանների հետ և հաջողություն մաղթել նրանց։
Կրակային պատրաստության ստուգմանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների այն ծառայողները, որոնք արդեն իսկ հաղթահարել են ընդհանուր գիտելիքների և ֆիզիկական պատրաստության ստուգման փուլերը։
Կրակային փուլը հաջողությամբ ավարտող ծառայողները կանցնեն նաև մասնագիտական թեստավորում, և այդ փուլին էլ դրական արդյունքներ ցույց տված ծառայողների սոցիալական երաշխիքները կբարձրանան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ից մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստացիան։ Նրանք ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար: