01/09/2023 10:32
Առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա․ Լուիս Օկամպոն՝ Արցախում ստեղծված վիճակի մասին
Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:
Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրել է մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:
«Արդարադատության միջազգային դատարանի 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում [բնակվող] մարդկանց կյանքին»,- ասել է նա:
Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Լուիս Մորենո Օկամպոն կարևորել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:
«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակովորումներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշել է նա։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և նրան, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրել է, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:
Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:
«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջամնից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասել է Օկամպոն։
Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում, կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագ հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը:
«Դա ամենադյուրին ճանապարհն է: Եթե դա չի աշխատում, իհարկե, առկա է օդային կամրջի միջոցով բնակչությանը պարենով ապահովելու տարբերակը: Բայց կարծում եմ, որ դա պլան Բ-ն է»,- ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը։
Արգենտինացի փաստաբանի ներկայացմամբ՝ Միացյալ Նահանգներն ունի բավականաչափ լծակներ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պարզապես չի կարող աջակցել Բաքվին՝ ճնշումներ գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, քանզի նման քայլը ԱՄՆ-ն կդարձնի մեղսակից:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում