01/09/2023 13:44
Ադրբեջանի կրակոցներն այլևս անպատասխան չեն մնում, իսկ առաջ մեզ մեղադրում էին․ Անդրանիկ Քոչարյան
Մենք արդեն որոշակիորեն կայուն դիրքերից ի վիճակի ենք մեր պաշտպանությունն ավելի լավ իրականացնել, մեր զինված ուժերն ադրբեջանական գործողություններն արդեն անպատասխան չեն թողնում, News.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սոթքում ադրբեջանական ագրեսիային։
Զինված բախումը, նրա խոսքով, սկսվել է հերթափոխի ժամանակ, երբ ադրբեջանական կողմից կրակոց է հնչել։
«Բնականաբար, նրանց կրակոցներն այլևս անպատասխան չեն մնում, հենց այդպես էլ պետք է լինի, որ նրանք հասկանան, որ կրակելով խնդիր չեն լուծելու։ Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հերթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք։ Առավել ևս, երբ մենք ինժեներական աշխատանքներ ենք անում, իրենք չպետք է կրակեն։ Կրակեն՝ կստանան պատասխան», - ասել է Քոչարյանը՝ հավելելով՝ առաջ իրենց մեղադրում էին, որ հակառակորդի քայլերն անպատասխան են մնում, հիմա այդպես չէ։
«Հիմա նրանց մտքով եթե գործողություններ են անցնում, իրենք գիտեն, որ մեր պատասխանը չի ուշանալու, և պատասխանը հետևում է»,- վստահեցրել է Քոչարյանը։