01/09/2023 19:00
Բաքուն արձագանքում է Շառլ Միշելի հայտարարությանը
Բաքուն արձագանքել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ Այս մասին հայտնում azatutyun.am-ը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը իր հերթին է հիշեցրել հուլիսի 15-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման մասին և պնդել, որ այդ բանակցությունների ընթացքում «համաձայնեցվել է տարբեր երթուղիներով ապրանքների առաքումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, ինչպես նաև Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը՝ Աղդամ -Ստեփանակերտ(խմբգ) ճանապարհի բացմանը զուգահեռ»։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարում է՝ «պայմանավորվածությունները խախտվել են հայկական կողմի անօրինական պայմանների պատճառով»։
Ադրբեջանական կողմը չի արձագանքել Միշելի՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հայտարարությանը, փոխարենը Բաքուն կրկնել է՝ հայերը կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները:
«Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով բնակիչներին վերինտեգրելու հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների՝ նրանց ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներով և ազատություններով», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։