01/09/2023 12:28
Հայաստանում կա համակարգային կոռուպցիա (Aliqmedia)
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն այսօր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա:
Ինչպես հայտնում է Aliqmedia-ն, նա անդրադարձել է կոռուպցիայի ընկալման միջազգային համաթվին, ըստ որի՝ մենք Հայաստանում բացառել ենք համակարգային կոռուպցիան։ «Համաթվի մասին խոսելիս պետք է ասել, որ հիմնական խնդիրը եղել է վարչական կոռուպցիայի հաղթահարումը: 54 թիվը որ նշել ենք, մենք փաստացի ձախողել ենք։ Մենք գիտենք՝ եթե 50 եւ ավելի է, ապա փորձագետների գնահատմամբ՝ դա խոսում է համակարգային կոռուպցիայի վերացման մասին։ Եթե 50-ից ցածր է, ապա համակարգային կոռուպցիա կա։ Մեր երկրում, ըստ համաթվի, համակարգային կոռուպցիա ունենք»,- քննարկման ժամանակ ասել է Կարեն Զադոյանը։
Նույն քննարկմանը համակարգային կոռուպցիայի առկայության մասին խոսել է նաեւ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:
«Ինչպես ասում է Արդյունաբերողների միության փոխնախագահ պարոն Մարտիրոսյանը, կոռուպցիան միայն «քեշ» փողով կաշառքը չէ։ Մենք մեր ամենօրյա կյանքում տեսնում ենք այդպիսի դեպքեր, օրինակ՝ վարչական մարմնի ղեկավարը պետական մեքենայով գնում է քարոզարշավի. կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Եթե սկսենք այս ամենը գնահատել, ոնց որ թե վերադառնում ենք այն տարիներին, որոնց դեմ սկսվել էր պայքարը»,- արձանագրել է Հակոբ Ավագյանը: