01/09/2023 16:50
Սպանություն, առողջությանը պատճառված ծանր վնաս, կողոպուտ, խուլիգանություն, թմրամիջոցներ․ Անչափահասների կողմից կատարված հանցագործություններով 220 քրվարույթ է քննվել
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ամփոփել են 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
Հաղորդագրությունում նշված է․
«2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 220 քրեական վարույթ։
Նշված վարույթներից 24-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 33 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան։ 60 վարույթ կարճվել է, որից 36-ը` ռեաբիլիտացնող, իսկ 24-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 23 վարույթով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 106-ի նախաքննությունը շարունակվում է:
Դատարան ուղարկված վարույթներից 1-ը քննվել է սպանության, 5-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ կողոպուտի, 6-ը՝ գողության, 2-ը՝ խուլիգանության, 1-ը՝ զենքի, 3-ը՝ թմրամիջոցների հետ կապված, 5-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 33 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին:
Նույն ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ: Դրանցից 203-ը կարճվել է, որից 179-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 24-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։
36 վարույթի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 35 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 100-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 340 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվականի 2-րդ կիսամյակ:
Դատարան ուղարկված վարույթներից 3-ը քննվել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 7-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 35 մեղադրյալից 16-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 3-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից: Մնացած 15 դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:
Դատարան ուղարկված վարույթներով 44 տուժողից 24-ը եղել են մինչև 12, 7-ը՝ 12-14, 10-ը՝ 14-16, 3-ը՝ 16-18 տարեկան»: