02/09/2023 13:00
Արամ Խաչատրյանի 120-ամյակը մեծ շուքով կնշվի նաև Ստամբուլում
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Ստամբուլում տեղակայված ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ առաջիկա օրերին քաղաքում նշվելու է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Սա իր բնույթով արդեն միջազգային հոբելյան է, քանի որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ։
Նախագծի իրականացման պատասխանատուներից է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։ Նախկինում մեր ներկայացուցչությունը Ստամբուլում կազմակերպել է երկու կարևոր համերգ։ Առաջինը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, իսկ երկրորդը՝ ՀՀ մշտական ներկայացուցչության հիմնադրման 30-ամյակին։ Արամ Խաչարյանի 120-ամյակին նվիրված մոտալուտ համերգը համալրելու է այս շարքը։ Հայաստանի ներկայացուցչությունն այս հոբելյանը կազմակերպելու համար համագործակցել է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության և «Բերա» թանգարանի հետ։
Մեր ներկայացուցչությունը ծրագրի շրջանակում համագործակցում է նաև մեծանուն դաշնակահար Շահան Արծրունու հետ, ով մեծապես նպաստում է նախագծի իրականացմանն իր խորհուրդներով և ցուցումներով։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է հենց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների անզուգական կատարմամբ և ակտիվորեն համագործակցում է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ։ ՍՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը ԱՄՆ-ում պաշտոնավարելու տարիներին ծանոթացել է Շահան Արծրունու հետ, ականատես եղել նրա գործունեությանը, ուստի այդ հանգամանքը ծառայեցնում է Ստամբուլում նախատեսված կարևոր ծրագրի իրականացմանը, որը բաղկացած է երկու փուլից։