02/09/2023 10:42
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից ուշադրություն շեղելու նպատակով Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշել են քաղաքացիական օդանավերի GPS համակարգը
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածել, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է․
«Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում Արցախի Հանրապետության օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։
Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։