02/09/2023 16:50
Արցախի նախկին նախագահները, ԱԺ նախագահն ու քաղաքացիները Ստեփանակերտի պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար անմահացած հերոսների հիշատակին
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ իշխանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար անձինք, քաղաքացիներ քայլերթով շարժվել են դեպի Քաղաքային պանթեոն-հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հնչել է Արցախի Հանրապետության խորհրդանիշ հանդիսացող պետական օրհներգը։
Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:
Ներկայացվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքը։
«Ժողովրդի մեջ կա մտայնություն, որ այս 30 տարիների մեջ ոչնչի չհասանք, բայց պետք է ասեմ, որ այդպես չէ։ 1992 թվականի սեպտեմբերի 2-ը ազգային զարթոնք է խորհրդանշում։ Այսօր էլ ժամանակները շատ ծանր են։ Մեզ համար շատ կարևոր է ներքին և համահայկական կայունության ապահովումը, իսկ համահայկական կայունությունը համահայկական միասնությունն է։ Ես ուզում եմ նախ մեր ժողովրդին շնորհավորել, իսկ այնուհետև ցանկանալ, որ բոլորիս մոտ լինի այն գիտակցումը, որ ներքին կայունությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։