02/09/2023 14:38
Հայաստանը քեֆ ուրախությունների մեջ ապրող, կենցաղային պետություն է, հենց դառնանք լուրջ պետություն՝ Ադրբեջանի պահանջների ցանկը կմեղմվի․ Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Ե՛վ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ուզում են, որ տարածաշրջանում խնդիր չլինի, որովհետև իրենց գլուխը խառն է այլ բաներով, և հարցերը լուծելու համար բնական է, որ պետք է ճնշեն թույլ կողմին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
«Հիմա շատ կարևոր է, որ Հայստանում լինեն փոփոխություններ, որոնք կբերեն բանակցային նարատիվի փոփոխության։ Բանակցային այս բովանդակությունը բերում է երկու բանի՝ պատերազմի և հայրենազրկման։ Հայաստանի անելիքն այդ երկուսը կասեցնելն է։ Այս առումով ողջունում եմ Արցախում տեղի ունեցող փոփոխությունները, դա ուշացած էր, բայց շատ կարևոր։ Կարևորում եմ, որ Հայաստանում նոր, սոլիդ իշխանություն ունենանք։ Այն լղոզված վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխվում է, նույն փոփոխությունները պետք են նաև Հայաստանում։ Մեզ համար վտանգավոր է և՛ գործող իշխանությունը, և՛ նաև արկածախնդիր, իրավիճակը ճիշտ չհասկացող որևէ այլ իշխանություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին՝ ինչ ռազմավարություն է հարկավոր Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից օրեցոր մեծացող պահանջները կասեցնելու համար, Վահե Հովհաննիսյանն ասաց․
«Ինչո՞ւ մենք հաղթեցիքն 90-ականների պատերազմը, որովհետև ավելի լուրջ պետություն էինք, քան Ադրբեջանը, ինչո՞ւ 2020-ին հաղթեց Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն ավելի լուրջ պետութուն էր, քան մենք։ Հիմա՝ ինչպես կասեցնել Ադրբեջանի անվերջ պահանջների ցանկը, պարզ է՝ դառնալ լուրջ պետություն, հենց քո թշնամին, դաշնակիցը, հարևանը ֆիքսեցին, որ դու լուրջ պետություն ես, թեկուզ պարտված, այդ ցանկը շատ արագ է մեղմվելու։ Հիմա Եվրոպան և Ռուսաստանն ականջները կախ լսում են Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետև Հայաստանը կիսաքանդված, կենցաղային պետություն է քեֆ ուրախությունների մեջ ապրող, հենց դառնանք լուրջ պետություն, մեզ հետ արագ կսկսեն խոսել ռացիոնալ օրակարգով»։