02/09/2023 18:09
Անհետ կորած զինծառայողների ծնողները գոհ չեն Պապիկյանի հետ հանդիպումից
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները գոհ չեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից։ Ասում են՝ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում մի շարք կարևորագույն հարցեր են բարձրացրել, որոնցից գրեթե որևէ մեկի մասով հստակ պատասխան չեն ստացել։ Խնդիրների մեծամասնությունից նախարարը տեղյակ չի եղել։
«Ճիշտ է, երկու ժամից ավելի նստեցինք, բայց, որ ասեմ կոնկրետ ինչ-որ մի բան իմացանք, լսեցինք՝ ոչ։ Մենք չէինք էլ ակնկալում, որ ինքը կոնկրետ ինչ-որ բան կասեր։ Ինքը չէր էլ կարող պատասխանել։ Ես, ոնց հասկանում եմ, ինքը շատ բանից է անտեղյակ։ Բայց, Փառք Աստծո, գոնե ընդունեց այսքանից հետո, խոստացավ անհրաժեշտության դեպքում առանձին հանդիպումներ ունենալ ծնողների հետ, օգտակար լինել։ Թե այդ խոստումը որքանով է ճիշտ՝ ժամանակը ցույց կտա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է անհետ կորած զինծառայողի մայր Կարինե Մանավազյանը։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում բարձրացրել են զինծառայողների վերադարձից մինչև նրանց ԴՆԹ-ներին վերաբերող հարցեր։ Պահանջել են տրամադրել իրենց որդիների անհետանալու օրն արված տեսագրությունները։ Պապիկյանը ծնողներին վստահեցրել է, որ պահանջն ապահովելու ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Դե, մենք հասկանում ենք, որ դա 1-2 օրվա բան չէ, մեկ շաբաթվա բան էլ չէ, բայց չենք էլ պատրաստվում երկարատև սպասումներով ամիսներ շարունակ անգործ նստել։ Չէ, այդպիսի բան չի լինելու։ Մենք անընդհատ հիշեցնելու ենք մեր մասին, որ հանկարծ չմոռանան, որ մենք կանք ու պետք է պատասխան տան մեզ։ Ուզում ենք հասկանալ, թե մեր երեխաները ոնց են անհետացել, ոնց է ստացվել, որ իմ որդին դարձել է անհետ կորած։ Ոնց է մահացել։ Այդ նյութերը փաստեր են, որոնք կարող են օգնել »,- ասել է ծնողը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարը չի կարողացել հստակ պատասխանել նաեւ, թե անցած 3 տարիների ընթացքում ինչ արդյունք են գրանցել՝ իրենց որդիների հետ կապված իրադարձությունների հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միայն հայտարարել է, որ հանձնաժողով է ստեղծվել։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում