02/09/2023 13:13
120 հազար հայ յուրաքանչյուր օր արթնանում է անորոշության, սպասման և սպառնալիքի ներքո. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
«Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումից: Հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ:
Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետեւանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա: 120 հազար հայ յուրաքանչյուր օր արթնանում է անորոշության, սպասման եւ սպառնալիքի ներքո: Քաղաքակիրթ աշխարհի հայացքն անգամ չի սաստում ադրբեջանական նկրտումները, եւ միջազգային բարձր ատյանի որոշումը չի կատարվում:
Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել` ակնկալելով մեր միջազգային գործընկերների ամուր աջակցությունը: Փա՛ռք ԼՂ անկախության համար անձնվիրաբար զոհված բոլոր քաջերին, ամուր կամք եւ տոկունություն իրենց հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին»: