02/09/2023 23:52
Ադրբեջանն ԱԹՍ-ով հարվածել է ՀՀ ԶՈՒ ռազմական մեքենային, որից հետո հրդեհ է բռնկվել Վայոց ձորի լեռներում․ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ՆԳՆ ՓԾ փոխգնդապետը մահացել է
Սեպտեմբերի 2-ին կեսօրին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային` Հայաստանի Հանրապետության տարածքում, սահմանի խորքում, բաց տարածություն մեջ։ Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որն արագորեն տարածվում է ՀՀ Վայոց ձորի լեռներում` հրկիզելով հարյուրավոր հեկտար խոտածածկ տարածություններ, այդ մասին գրել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Փրկարարական ուժերին չի հաջողվում մարել հրդեհը` չոր եղանակի, լեռնային, դժվարանցանելի ռելիեֆի, տեղանքում ջրային ռեսուրսների սակավության պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների, հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է փրկարարական ծառայության մի սպա։
Այս ռազմական և հրդեհային իմաստով արտակարգ դրության մասին ո’չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո'չ ՀՀ ներքին գործերի նախարարությունը լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրում` իրականությունը թաքցնելով հանրությունից։
Ներքին գործերի նախարարությունը, փոխանակ ուժեր տեղաբաշխի Վայոց ձորի մարզում հրդեհի մարման աշխատանքները կազմակերպելու համար, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ոստիկաններին բերել է Երևան` ընդդիմության հանրահավաքը հսկելու համար։ Հազարավոր ոստիկանները, պարապություն վիզները ծռած, նստած են Երևանի կենտրոնում, իսկ Վայոց ձորի լեռները կրակի մեջ են` թշնամու ստեղծած հրդեհի հետևանքով»,- գրել է նա։
Քիչ առաջ էլ Վայոց ձորում բռնկված հրդեհի և Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի մահվան մասին է հայտնել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը, որի տարածած հաղորդագրությունում նշված է․
«Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի ինքնազգացողությունը վատացել է․ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։
Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։
Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Հենրիկի Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Վայքի բուժկենտրոն։ Փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Ներքին գործերի նախարարությունն ու ՆԳՆ փրկարար ծառայությունը կիսում են Արմեն Գասպարյանի կորստյան վիշտը և ցավակցում ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»։