02/09/2023 10:32
Միասնություն ու անկոտրում կամք դրսևորելու դեպքում հայ ժողովուրդը թվացյալ անելանելիության այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ․
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի օրվա կապակցությամբ և այս ծանր օրերին իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությունում ապրող մեր քույրերին ու եղբայրներին։
Հանուն ազատության, հանուն սեփական տանը անվտանգ և արժանապատվորեն ապրելու իրավունքի արցախահայության պայքարը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից է, և անգամ այսօր, երբ Հայաստանի իշխանությունների ազգադավ գործունեությունն արցախահայությանը կանգնեցրել է ծանրագույն մարտահրավերների առաջ, Արցախի ազատության ու անկախության խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև նոր հիմնավորում, վստահ եմ՝ նաև նոր լիցք է ստացել։
Պատմական շրջանները համեմատելն անշնորհակալ գործ է, բայց փաստերը վկայում են, որ 1990-ականների սկզբին, երբ արցախահայությունը որոշեց հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իրավիճակը պակաս օրհասական չէր, քան այսօր է։ Բայց միասնությունն ու անկոտրում կամքը մեզ առաջնորդեցին դեպի հաղթանակ։ Համոզված եմ, որ այդ որակները դրսևորելու դեպքում հայ ժողովուրդը թվացյալ անելանելիության այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած՝ մեկընդմիշտ ու վերջնական։
Շնորհավոր Արցախի օրը»: