02/09/2023 23:37
Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
Իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանն իր քայլերով է հեռանում հարավկովկասյան տարածաշրջանից, ՀՀ գործող իշխանությունները դրան նպաստող քայլեր իրենց կողմից չեն անում։
«Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որ Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:
Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով՝ մենք դա չգիտենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է նաև, թե չնայած նրան, որ Ռուսաստանը բավականին երկար ժամանակ է՝ ներկայություն ունի Հարավային Կովկասում, բայց եղել են իրավիճակներ, «երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում Ռուսաստանի Դաշնությունը ուղղակի թողել և հեռացել է Հարավային Կովկասից»:
«Կան պրոցեսներ, որոնք հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»,- կարծիք է հայտնել Նիկոլ Փաշինյանը։