02/09/2023 22:31
Առանց այն էլ սուղ միջոցներ ունեցող մարզպետարաններին պարտավորեցրել են ֆինանսավորել դպրոցներին՝ չտպագրված նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենահանելու համար
Սեպտեմբերի 1-ը դպրոցներում թեժ է անցել։ Գիտելիքի և դպրության օրվա միջոցառումները թողած, ծնողներն անհանգստացել են, որովհետև իրենց երեխաներն առանց դասագրքերի են գնալու դպրոց։ Ըստ նոր չափորոշիչների, դպրոցներում չկան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանի դասագրքեր, նախարարությունից հորդորել են էլեկտրոնային գրքերից թեմաները տպել և բաժանել երեխաներին։ Մի քանի դպրոցների ուսուցիչներ Armlur.am-ին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1-ին հրավիրված մանկավարժական խորհրդի նիստում ասել են՝ քանի որ դպրոցի ֆինանսական բյուջեն չի բավականացնում բոլորի համար տպել էլետրոնային գրքեր, վերևներից հորդորել են դա անել մարզպետարանի բյուջեի հաշվին։ Մարզպետարանին պարտավորեցրել են ֆինանսավորել բոլոր դպրոցներին՝ էլեկտրոնային գրքերը պատճենահանելու համար։
Այսինքն, հերիք չէ այն, որ նոր գրքերի, չափորոշիչներ և ուսուցիչների վերապատրաստման համար ծախսվել են միլիոններ, հիմա էլ որպես ծախս գրքերի պատճենահանումը թողնում են մարզպետարանների ուսերին։ Սա այն դեպքում, երբ մարզպետարանները հաճախ չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ ապաստարաններ վերանորոգելու կամ կառուցելու համար։