02/09/2023 22:21
Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, խաղաղություն երբեք չի լինի․ Նիկոլ Փաշինյան
La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանը հարցազրույցի ժամանակ հարց է ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Կարծում եք՝ Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր»։
Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է՝ Արցախում իրավիճակը տեղի իշխանություններն են հսկում, սակայն եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը չճանաչեն, խաղաղություն չի լինի։
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Համենայն դեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, այնտեղ են նաև ռուս խաղաղապահները:
Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է․ որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի»,- մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը: