04/09/2023 20:29
Ուղեղի գործունեության խնդիրները կարող են կապված լինել թթվածնի պակասի հետ
«Ձգձգվող Covid»-ի կամ հետքովիդյան համախտանիշի ախտանիշները տարբեր են, բայց հիվանդների մեծ մասը խոսում է «ուղեղի մշուշի» մասին:
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ այսպես կոչված «ձգձգվող քովիդ»-ի կամ հետքովիդյան համախտանիշի որոշ նշաններ առաջանում են հիվանդի գլխուղեղում կամ թոքերում առաջացող արյան մակարդուկներով (միկրոթրոմբ):
Հետազոտությանը մասնակցել է 1837 մարդ, ովքեր հոսպիտալացվել են Covid-19-ի ծանր ձևերով: Գիտնականների կարծիքով՝ արյան երկու սպիտակուցները վկայում են այն մասին, որ միկրոթրոմբերը երկարատև վատառողջության պատճառներից մեկն են այն բանից հետո, երբ Covid թեստը բացասական է դարձել։
«Ձգձգվող քովիդով» հիվանդների արյան մեջ հայտնաբերվել են ֆիբրինոգեն սպիտակուցի ավելի բարձր մակարդակ, որը սկսում է քայքայվել արյան մակարդման ժամանակ և սպիտակուցի մի հատված, որը ձևավորվում է արյան մակարդուկների լուծարման ժամանակ։
Օքսֆորդի համալսարանից դոկտոր Մաքս Թաքենն այս ամենին իր բացատրությունն ունի. «Ե՛վ ֆիբրինոգենը, և՛ սպիտակուցները ներգրավված են արյան մակարդման մեջ, ուստի արդյունքները հաստատում են այն վարկածը, որ արյան մակարդումները հետքովիդի ճանաչողական խնդիրների պատճառն են: Ֆիբրինոգենը կարող է ուղղակիորեն ազդել ուղեղի և նրա արյունատար անոթների վրա, մինչդեռ D-dimer սպիտակուցը հաճախ ցույց է տալիս թոքերում արյան թրոմբների ձևավորումը: Այսպիսով, ուղեղի գործունեության խնդիրները կարող են կապված լինել այնտեղ մտնող թթվածնի պակասի հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ D-dimer-ի բարձր մակարդակ ունեցող մարդիկ նույնպես դժգոհում էին ծայրահեղ հոգնածությունից, շնչառությունից և դժվարանում էին կենտրոնանալ:
Հետքովիդ համախտանիշի պատճառները դեռևս լիովին պարզված չեն, բայց ամենից հաճախ դրա պատճառը աուտոիմուն խանգարումները, վիրուսային դիմադրողականությունն են, ներքին օրգանների վնասումը և միկրոթրոմբերը։
Բրիտանացի բժիշկների կողմից իրականացված ուսումնասիրության նպատակն էր հասկանալու, թե՝
ինչու՞ են որոշ մարդիկ ավելի արագ վերականգնվում, քան մյուսները,
ինչու՞ են որոշ հիվանդների մոտ զարգանում առողջական այլ խնդիրներ,
ո՞ր բուժումն էր ավելի արդյունավետ՝ հիվանդանոցում կամ տանը,
ինչպե՞ս բարելավել հիվանդի խնամքը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Բացի այդ, խումբն իր առջև խնդիր է դրել ստեղծել տվյալների բազա, որը կարող է օգտագործվել այլ գիտնականների և հետազոտողների կողմից:
Այժմ բժիշկները կարծում են, որ այդ հիվանդների մոտ 16%-ը առնվազն վեց ամսվա ընթացքում ունեցել է մտածողության, կենտրոնացման և հիշողության հետ կապված խնդիրներ: Այնուամենայնիվ, «ձգձգվող Covid»-ը որոշ դեպքերում կարող է զարգանալ հիվանդության ավելի մեղմ ձևերից հետո։
Միևնույն ժամանակ, Օքսֆորդի և Լեսթերի համալսարանների գիտնականները շեշտում են, որ իրենց բացահայտումները վերաբերվում են միայն հիվանդանոց ընդունված հիվանդներին: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պատկերը լրացնելու համար, նախքան հնարավոր կլինի մշակել, թեստավորում և հնարավոր բուժումներ իրականացնել:
Ճանաչողական ֆունկցիան փորձարկվել է հիվանդների մոտ՝ հիվանդությունից վեց և 12 ամիս անց: Այս դեպքում օգտագործվող թեստերն ու հարցաթերթիկները կարող են «բավականաչափ զգայուն չլինել»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն