04/09/2023 13:54
Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը․ դերասանուհի Տատյանա Սպիվակովան բարձրացել է Արարատի գագաթ
Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, դարձել է այն երջանիկներից, ովքեր հաղթահարել են Արարատի բարձունքը։ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր դերակատարուհին հուզիչ գրառմամբ է կիսվել է ինսթագրամի իր էջի Story բաժնում։
«Այսպիսով, սա տեղի ունեցավ։ Գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո ես արեւածագին կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մետր բարձրության վրա»,-անգլերենով գրել է Սպիվակովան, այնուհետեւ հայերենով հավելել,-«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը»։
Դերասանուհին նշել է, որ իր ողջ ուղին անցել է իր նախնիների «առաջնորդությամբ»։ «Դեռեւս չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել։ Երբեք այսքան կյանքով լեցուն, այսքան շնորհակալ ինձ չեմ զգացել։ Ես միշտ կհիշեմ այս պահը»։