05/09/2023 11:04
BBC-ի հարցազրույցը Արտակ Բեգլարյանի և Սերժ Թանկյանի հետ հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը։ Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը։
«BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումներով, ստի տարածմամբ»,- X-ի (նախկին Թվիթեր) իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։
BBC-ի Context հաղորդման ընթացքում Բեգլարյանն ու Թանկյանը պատմել են Լաչինի միջանցքի արգելափակման, Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։
Թանկյանը քննադատել է միջազգային հանրությանը՝ ռուսական էներգակիրները Ադրբեջանի միջոցով ստանալու դիմաց Բաքվի գործողություններին պատշաճ գնահատական չտալու, համարժեք գործողություններ չձեռնարկելու համար։
Ամերիկահայ երաժիշտը նաև Մեծ Բրիտանիային է մեղադրել Բաքվի հետ ունեցած բիզնես կապերի պատճառով լռելու համար։
Խոսքի ազատության առումով աշխարհի ետնապահներից համարվող Ադրբեջանում BBC-ի հաղորդումը, այդ թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայության գործունեությունը քննադատել է նաև «Ադրբեջանի մամուլի խորհուրդ» կազմակերպությունը։
Կառույցի գնահատմամբ, այդ լրտվամիջոցը «ոչ օբյեկտիվ նյութեր և կանխակալ հայտարարություններ է անում»։