05/09/2023 12:21
Բելգիայի հայերի կոմիտեն տոնում է ստեղծման 100-ամյակը
Բելգիայի հայերի կոմիտեն այս տարի նշում է իր ստեղծման 100-ամյակը։ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Բելգիայում հաստատված հայերի ստեղծած կառույցն արդեն մեկ դար է` հայկական ինքնության եւ մշակույթի շուրջ է ծավալում իր գործունեությունը, համախմբում համայնքին, որը ապրեցնում է հայկականը եւ միեւնույն ժամանակ Բելգիայի հասարակական, քաղաքական կյանքում ամենասահուն ինտեգրված եւ ընդունված կառույցներից է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանի հետ զրուցել է կոմիտեի ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, կոմիտեի 100-ամյակին նվիրված միջոցառումների եւ հետագա անելիքների մասին։
- Ռոբերտ, Բելգիայի հայերի կոմիտեն նշում է իր ստեղծման 100-ամյակը։ Մի քանի խոսքով կպատմեք ստեղծման հիմնական նպատակի եւ գործունեության մասին։
- Կոմիտեն որպես կառույց ստեղծվել է 1920-ականների սկզբին։ Մինչ այդ արդեն հայեր կային Բելգիայում՝ 19-րդ դարի վերջերին հիմնականում գորգագործությամբ, ադամանդագործությամբ, ծխախոտի վաճառքով զբաղվող առեւտրականներ։ Իսկ 1920-ականներին Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայերը ստեղծեցին կոմիտեն։ Քանի որ Օսմանյան կայսրությունում էլ փոքրամասնություն էին եւ կազմակերպած լինելը կարեւոր էր, նույն տրամաբանությամբ էլ Բելգիայում՝ որպես փոքրամասնություն, ցանկացել են կազմակերպվել եւ համախմբվել կոմիտեի շուրջ։ Կարեւոր էր ունենալ համայնքային կառույցը, որը տեղական իշխանությունների մոտ կլինի համայնքի ներկայացուցիչը։ Ինչպես նաեւ կարեւոր էր կազմակերպել համայնքի կյանքը, օգնել, որպեսզի հայկական ինքնությունն ապրի։
- Եվրոպայի տարբեր երկրներում կան հայկական համայնքներ եւ դրանց շուրջ ստեղծված կառույցներ, բայց Բելգիայի հայերի կոմիտեն, թերեւս, եզակիներից է, որ ունի կանոնադրություն, ընտրություններ։ Այլ կերպ ասած՝ ամենադեմոկրատական կառույցներից է։ Համայնք-կոմիտե համագործակցությունն ինչ ձեւաչափով է աշխատում։
- Նպատակն է որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ներառել կոմիտեի գործունության մեջ, որպեսզի համայնք-կոմիտե կապը դառնա օրգանական, որ յուրաքանչյուր բելգահայ իրեն կոմիտեի կողմից ներկայացված զգա։ Մինչ այսօր, այո, բավականին ժողովրդավար կերպով է կազմակերպվել կոմիտեի գործունեությունը։ Չորս տարին մեկ տեղի են ունենում ընտրություններ, որոնց ժամանակ Բելգիայում բնակվող հայերը ընտրում են վեհաժողովի ներկայացուցիչներին՝ թվով երեսուն հոգի։ Վեհաժողովն էլ ընտրում է կոմիտեին, որը բաղկացած է տասներկու անդամից եւ համարվում է գործադիր մարմին։ Կոմիտեի պատասխանատվությունն է կազմակերպել համայնքի կյանքը եւ իրականացնել ծրագրեր, որոնք որոշվում են վեհաժողովի կողմից։ Այսօր վեհաժողովում ներկայացված են Բելգիայի ամենատարբեր հայկական կազմակերպություններն ու միությունները՝ տարբեր քաղաքներից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։