05/09/2023 21:53
Լեհաստանն սկսել է Ուկրաինային արտահանձնել սահմանը հատած զորակոչային տարիքի միգրանտներին
Լեհաստանի իշխանությունները Ուկրաինայի իշխանություններին են արտահանձնում զորակոչի տարիքի տղամարդկանց, ովքեր ապօրինաբար լքել են Ուկրաինան 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, գրել է լեհական Rzeczpospolita-ն։
Պարբերականի տվյալներով, Լեհաստանն արտահանձնել է նաև Ուկրաինայի քաղաքացիների, ովքեր զբաղվում են անօրինական միգրանտներին Եվրոպա տեղափոխելով։
Հրապարակման համաձայն, 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, Լեհաստան է տեղափոխվել Ուկրաինայի 18-60 տարեկան 2,87 միլիոն քաղաքացի, վերջին 1,5 տարվա ընթացքում Ուկրաինա է վերադարձել 2,8 միլիոնը։
Ըստ հաշվարկների, սրա հետևանքով զինվորական հաշվառումից դուրս մնացածների թիվը 80 000 է։
«Դա զգալի թիվ է Ուկրաինայի համար, քանի որ այդ մարդկանց հնարավոր է զորակոչել ու ամրացնել ԶՈՒ շարքերը՝ այդպիսով ուժեղացնելով երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը»,- խնդրի առնչությամբ ասել է Ուկրաինայի Ռադայում նախագահի ներկայացուցիչ, պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆյոդոր Վենիսլավսկին, ում խոսքերն է մեջբերել Rzeczpospolita-ն։
Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ դատախազությունը կարող է և պետք է ձերբակալման միջազգային օրդերների միջոցով քրեական հետապնդում իրականացնի արտերկրում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որոնք բանակում չկռվելու համար լքել են երկիրը անօրինական ճանապարհով՝ սահմանապահներին կաշառելով կամ օգտվելով միջնորդների ծառայություններից։