05/09/2023 20:39
Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր են Արցախի համար, նա զրոյացրել է բանակցային գործընթացը․ Ռուս քաղաքագետներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը վտանգավոր է Արցախի համար, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել են քաղաքագետներ Վլադիմիր Նովիկովը և Անդրեյ Բիստրիցկին՝ ընդգծելով, որ իտալական La Repubblica թերթի հետ զրույցում Փաշինյանի ձևակերպումները վկայում են՝ նա փորձում է տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։
«Փաշինյանին շանթարգել էր պետք․ այդ շանթարգելը Ռուսաստանի տեսքով է, դեպի որն էլ նա փորձում է ուղղել այն բացասական էներգիան, որը կուտակվել է հայ հասարակության մեջ՝ իր իսկ նկատմամբ»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը, 2018-ին գալով իշխանության, «փաստացիորեն զրոյացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»։
«Նա պարտվեց և ստիպված եղավ ստորագրել համաձայնագիր, որում Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների մասին խոսք անգամ չկար»,- ընդգծել է Նովիկովը։
«Վալդայ» միջազգային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին էլ նշել է, որ Փաշինյանը, վտանգավոր հռետորաբանություն գործածելուց բացի, փորձում է սեփական շահերն առաջ մղելու համար միմյանց բացառող քաղաքական ուժերի միջև մանևրել։
«Նրա երկիմաստ հռետորաբանությունը էապես տարբերվում է իրական քաղաքականությունից»,- հավելել է Բիստրիցկին։
Քաղաքագետն ընդգծել է, որ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները կարող են բացասաբար ազդել Արցախում իրավիճակի վրա։
«Հռետորաբանության այս վտանգավոր անլրջությունը, ցավոք, իսկապես կարող է վատ զարգացումներ սադրել Հանրապետության կյանքում և անմիջականորեն՝ գետնի վրա»,- ասել է քաղաքագետը։