05/09/2023 19:45
10 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ Դեղին ծովում կմասնակցի զորավարժությունների
ԱՄՆ ռազմածովային ուժերը 10 տարվա մեջ առաջին անգամ կմասնակցեն Դեղին ծովում լայնածավալ զորավարժությունների, հայտնել է South China Morning Post պարբերականը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
Զորավարժությունները նվիրված են Ինչոնում ամերիկյան դեսանտների իրականացրած գործողության 73-ամյակին, ինչը բեկումնային է եղել 1950-53 թվականների Կորեական պատերազմի համար։ Զորավարժությունների սցենարով՝ ԱՄՆ-ի և Կորեայի զինծառայողները կմշակեն ու կանցկացնեն «լայնածավալ դեսանտային գործողություն»։
South China Morning Post-ի տվյալներով՝ Դեղին ծովում ԱՄՆ-ն վերջին անգամ 2013-ին է համատեղ զորավարժություններ անցկացրել Հարավային Կորեայի հետ, դրանց ներգրավվել էր George Washington նավը։ Այս անգամ զորավարժություններին ներգրավվելու է «Amerika» ավիակիր նավը։