06/09/2023 13:01
Պարոն Պետրոսյանին շատ հարգում եմ, բայց իր կոչին միանում եմ մասնակիորեն. Վիկտոր Մնացականյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը կոչով դիմել է ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր դիրքավորված բոլոր ուժերին: Նա կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել քաղաքային խնդիրներով քարոզարշավ իրականացնելուց ու ձևավորել նոր օրակարգ, մարդկանց մեջ արթնացնել պայքարի ոգին, կամքը: Նրա խոսքով՝ քաղքային օրակարգով քարոզարշավը իշխանական օրակարգ է:
«Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանը Aysor.am-ի հետ զրուցյում, մեկնաբանելով այդ կոչը, ասաց. «Ես շատ հարգում եմ պարոն Պետրոսյանի կարծիքը, բայց ես չեմ միանում: Ես միանում եմ իրենց առաջարկներին, բայց չեմ միանում այն մասով, որ պետք է դադարենք քաղաքային խնդիրներով զբաղվել կամ դրանց մասին բարձրաձայնել: Աստված ոչ անի, հնարավոր է սահմանային խնդիրները, ասենք, տևեն 3 տարի, բայց քաղաքային խնդիրները ամենօրյա լուծում են պահանջում և մենք շատ հարցերում կանգնած ենք կոլապսի առաջ: Բայց ես միանում եմ պարոն Պետրոսյանի առաջարկին մասնակիորեն. պայքարի մասով՝ այո, քաղաքային մասով՝ ոչ: Քաղաքային մասով դեռ մի բան էլ քիչ ենք խոսում: Մենք օր օրի քաղաք պետք է կառուցենք, քանի օր այս իշխանությունները դա չեն կարողանում անել»: