06/09/2023 09:03
«Ժողովուրդ». Փաշինյանն իր խորհրդականին որոշել է հիմա էլ դեսպան նշանակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս. նա դեսպան կնշանակվի:
Հավելենք, որ, չնայած երիտասարդ տարիքին, Համբարձում Մաթևոսյանը տարբեր բարձր պաշտոններ հասցրեց զբաղեցնել: Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ին, նա նշանակվել էր Արմավիրի մարզպետ, այնուհետև գործուղվել էր կառավարություն: 2021թ.-ին նա նշանակվել էր փոխվարչապետ, իսկ 2023թ.-ի փետրվարի 16-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին որոշել է հիմա էլ ավելի լավ պաշտոնի տեղավորել ու նրան դեսպան կնշանակի, սակայն դեռ որոշված չէ, թե որ երկրում: Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, դեսպան նշանակվելը Համբարձում Մաթևոսյանի ցանկությունն է. հավանաբար վերջինս հոգնել է գործադիրում իր աշխատանքից ու որոշել է արտերկրում աշխատանքի անցնել:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև Համբարձում Մաթևոսյանի հետ։ Նրա փոխարեն պատասխանեց օգնականը և ասաց, որ նման բան չկա, առաջին անգամ մեզանից է լսում:
Հիշեցնենք՝ երբ Մաթևոսյանը փոխվարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց, դրանից առաջ էլ մեզ տված հարցազրույցում հերքում էր իր հնարավոր հրաժարականը:
Չնայած հերքումներին՝ նկատենք, որ արդեն երեկվանից սկսվել են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, և մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց պաշտոններից:
Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Ալեքսանդր Արզումանյանը` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում