06/09/2023 21:44
Արկածախնդիր իշխանությունը հակառուսականության նոր ալիք է բարձրացնում․ Հայաստանի շահերով մտահոգ պետությունները չպետք է ՀՀ իշխանություններին նույնացնեն նրա ձեռքում գերի գտնվող ժողովրդի հետ․ Զոհրաբյան
Ռուսաստանի ռազմական ուժերը Հայաստանից հանելով կամ մեկուսացնելով՝ կմնանք լրիվ անպաշտպան Թուրքիայի և Ադրբեջանի առջև, համոզված է իրավաբան Արա Զոհրաբյանը։
«Նախկինում նշել եմ, հիմա էլ կրկնեմ, որ օտարամետ կամ օտարամոլ չեմ։ Եվ նման մոլությունը նույնն է, որ մեկը հարևանի մայրիկին ավելի հարգի ու պատվի, քան սեփական մայրիկին։ Հայաստանից ավելի շատ այլ երկիր սիրող Հայաստանի քաղաքացին չի կարող հայրենասեր կոչվել։
Իմ կարծիքով հիմա տեղի է ունենում Հայաստանի (կարդալ նաև Արցախի) դեմ հերթական դավաճանությունը:
Ներկայիս արկածախնդիր իշխանությունը հակառուսականության նոր ալիք է բարձրացնում և սխալ գործողություններ կատարում՝ գրգռելով մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ինչպես նաև դաշնակից Իրանին:
Եթե հիշում եք 2020թ. 44 օրյա պատերազմից առաջ ներկայիս իշխանությունները հասցրել էին նեղացնել, մասնավորապես՝ Ռուսաստանին (ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին կալանավորելու փորձ անելով), Իրանին (Իսրայելում դեսպանատուն բացելով), Չինաստանին (ույղուրների պաշտպանության հիմնական նպատակով ստեղծված կրոնական փոքրամասնությունների դաշինքին միանալով):
44 օրյա պատերազմի ելքը մենք տեսանք, զգացինք մեր սեփական մաշկի վրա, բայց խելքի չեկանք: Նորից ընտրեցինք (ես և բազմաթիվ հայրենակիցներ չենք ընտրել) պարտության առաջնորդին և իր թիմին: Հիմա պատմությունը կրկնվում է…
Ռուսաստանի ռազմական ուժերը Հայաստանից հանելով կամ մեկուսացնելով՝ կմնանք լրիվ անպաշտպան Թուրքիայի և Ադրբեջանի առջև, որոնք ակնհայտ է նոր ճակատ են ցանկանում բացել մեր տարածաշրջանում, մեր սեփական հողի մեջ:
Ինչպես ես, այնպես էլ շատ հայրենակիցներ բազմիցս ասել ենք, կայացրեք աշխարհազորը, ժողովրդին պատրաստեք պատերազմի: Բայց այս իշխանությունն անում է ուղիղ հակառակը: Ռուսաստա՞նն է խանգարում սեփական ժողովրդին պատրաստելու հարցում, Իրա՞նն է խանգարում մարտական դիրքերը պատշաճ կահավորելու հարցում:
Ինձ համար ակնհայտ է, որ մենք գործ ունենք, ոչ թե անտեղյակ կառավարիչների հետ, այլ՝ իսկական հուդաների հետ, որոնց գործողությունների և անգործության հետևանքով նորից կորուստներ ենք ունենալու:
Առաջ, նախկիններ էին «մեղավոր» մեր երկրի գլխին եկած պատուհասների համար, հիմա՝ ռուսներն են «մեղավոր»: Լավ, ինչքա՞ն կարող ենք այս հիմար կուտը ուտել: Ի՞նչ է պետք մեզ զարթնելու համար:
Թուրք-ադրբեջանական հերթական ագրեսիան կանխելու համար լավագույն միջոց կլինի հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժությունների անցկացումը այն տարածքներում, որտեղից հնարավոր են հարձակումներ (Օրինակ՝ Վայոց Ձորում):
Առաջարկում եմ պահանջել Հայաստանի կառավարությունից նախաձեռնել հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժությունների անցկացումը:
Հ.Գ. Հայաստանի շահերով մտահոգ պետությունները չպետք է Հայաստանի իշխանություններին նույնացնեն վերջիններիս ձեռքում փաստացի գերի գտնվող ժողովրդի հետ»,- գրել է Արա Զոհրաբյանը: