06/09/2023 13:20
Երևանի ընտրություններով սահմաններ չեն փրկում. իրական ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ ՔՊ-ն Երևանում պարտվի. ՀԱՍԱԿ-ի նախագահ
Ինչքան կարողանում ենք, մեր ուժերի ներածին չափով մարդկանց մոտ պայքարի ցանկություն արթնացնում ենք, սակայն շարժվում ենք մեր օրակարգով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՍԱԿ-ի նախագահ Արման Ղուկասյանը:
«Մեր օրակարգը թե՛ քաղաքային է, թե՛ քաղաքական: Այսինքն երկու բաղադրիչն էլ կա: Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում հրաժարվել քաղաքային խնդիրներով քարոզարշավից, եթե դու մասնակցում ես քաղաքային ընտրության: Ի՞նչ են առաջարկում, որ Տիգրան Ավինյանը հեշտությամբ դառնա քաղաքապե՞տ և ՔՊ-ն Երևանում հեշտությամբ իշխանությո՞ւն վերցնի: Ինձ համար ավելի շատ դա նման է նրան, որ նման կոչերով ավելի շատ հեշտացնում ենք Երևանում ՔՊ-ի վերարտադրությանը և դա ավելի շատ է նպաստում իշխանության օրակարգին», - նշեց նա:
Ղուկասյանի խոսքով՝ եթե քաղաքային քարոզարշավից հրաժարվում ես, մեծ հաշվով ընտրություններին ոչ մի բան չես անում փաստորեն. «Ես հստակ ասում եմ, որ մենք չենք հրաժարվում քաղաքական պայքարից և համարում, որ երևանյան ընտրույթունները միայն քաղաքային պայքար է։ Իրական ընդդիմության նպատակը պետք է լինի այն, որ ամեն ինչ անեն, որպեսզի ՔՊ-ն Երևանում պարտվի, սա է մեր դիրքորոշումը: Սահմանի խնդիրներին, իրավիճակին կենտրոնանալը հարցի լուծում չէ: Սահմանի համար անելիքը պետք է լինի սահմանին: Երևանի ընտրություններով սահմաններ չեն փրկում: Եկեք այս մանիպուլյացիոն և պոպուլիստական ճառերից հրաժարվենք: Այսքան տարի մենք սահմանի մասին կենացներ ասեցինք ու հիմա էլ այդ մակարդակով է շարունակվում: Կենացներն ու ճառերը մեր երկիրը քանդեցին: Իրական քաղաքական պայքարը պետք է մի ձև լինի, որ կարողանաս համոզես երևանցիներին, որ ՔՊ-ն պետք է պարտվի»:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը կոչով դիմել էր ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր դիրքավորված բոլոր ուժերին:
Նա կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել քաղաքային խնդիրներով քարոզարշավ իրականացնելուց ու ձևավորել նոր օրակարգ, մարդկանց մեջ արթնացնել պայքարի ոգին, կամքը: Նրա խոսքով՝ քաղքային օրակարգով քարոզարշավը իշխանական օրակարգ է: