06/09/2023 20:15
ԱՄՆ ՄԶԳ-ն կօգնի, որ ՄԻՊ-ն ու ՍԴ-ն երկխոսեն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։
Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերում Պաշտպանի ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունը։
Հանդիպման շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
Պաշտպանը հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված հաստատության աշխատակիցների հմտությունների հետագա կատարելագործման կարևորությունը:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում անցկացնելու աշխատաժողով՝ ուղղված ինչպես ՄԻՊ և ՍԴ միջև երկխոսության ամրապնդմանը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը»։