06/09/2023 20:49
Պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին․ Ռազմական փորձագետ
Բազմաթիվ հանգամանքներ հաշվ առնելով՝ շատ հավանական է, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարվածը հասցնել Հայաստանին ու Արցախին։ Հարվածի հիմնական ուղղությունը կռահելը բարդ է, բայց պետք է պատրաստ լինենք վատագույնին, այսինքն՝ հաշվի առնենք, որ մի քանի ուղղություններով միաժամանակ հարվածելու է, որից մեկը լինելու է գլխավոր ուղղությունը։ Հնարավոր է՝ դա հենց Իշխանասարից դեպի Սիսիանի լեռնանցք ընկած նեղ հատվածը լինի, ու պետք է պատրաստ լինենք հակահարված տալու, «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Կա երեք գործոն, որոնք բավականին մեծացնում են ադրբեջանական հերթական ագրեսիայի՝ թշնամու համար հաջող ավարտի հավանականությունը․ առաջին գործոնը Նիկոլ Փաշինյանի ներկայությունն է ՀՀ իշխանության ղեկին։ Ալիևը հասկանում է, որ ունի ՀՀ-ից ու Արցախից առավելագույնը պոկելու պատմական հնարավորություն, քանի դեռ ՀՀ ղեկավարը Փաշինյանն է։ Երկրորդը ՌԴ-ից մեծ ջանքեր ու ռեսուրսներ խլող ուկրաինական ճակատն է։ Իսկ երրորդ գործոնը 2020թ․ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի արած նվերն էր Ալիևին։ Արցախից հսկայական տարածքներ նվեր տալով Ալիևին՝ Փաշինյանը հաղթանակը նվիրել է նրան։ Այդ երեք նպաստավոր հանգանքներն աչքի առաջ ունենալով՝ Ալիևը չի ուզում բաց թողնել ՀՀ-ից ու Արցախից առավելագույնը պոկելու հնարավորությունը, բայց, միևնույն ժամանակ, հնարավոր ագրեսիան մեր դեմ նաև մեծ ռիսկ է պարունակում Ադրբեջանի համար»,-շեշտել է փորձագետը։
Ջամալյանի դիտարկմամբ՝ որքան էլ ՌԴ-ն ուժերը կենտրոնացրած լինի ուկրաինական ճակատում, ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում անպայման հակահարված տալու է։ Բացի այդ, ըստ նրա, Իրանը ևս անմասն չի մնալու։ Ավելին՝ Իրանի մասնակցության ծավալը, հնարավոր է, սպասվածից մեծ լինի, քանի որ երկուսին էլ ձեռնտու է հայկական պետականության գոյությունն Անդրկովկասում՝ Սյունիքի ու Արցախի հայապատկանությամբ։
Ասածը հիմնավորելու համար փորձագետը մանրամասնել է․ «Ռուսաստանի արևմտյան հակառակորդները նրա համար երկրորդ ճակատը դարձրել են անխուսափելի։ Հարցն այն է՝ ՌԴ-ն այդ մարտահրավերը կընդունի Արցախում ու Սյունիքո՞ւմ, թե՞ դուրս կբերի իր ուժերը և մարտահրավերը կընդունի Դաղստանի սահմաններին։ Հաշվի առնելով պուտինյան Ռուսաստանի որդեգրած ստրատեգիան՝ կարող ենք վստահաբար պնդել, որ ՌԴ-ն այստեղ իր ունեցած դիրքերը չի պատրաստվում զիջել»։
Փորձագետը նաև այն կարծիքին է, որ ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքում Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու մնալու հավանականությունը կմեծանա։ Ըստ նրա՝ եթե մարտական գործողություններ վերսկսվեն, ապա առաջին անհաջողություններին զուգահեռ՝ հասարակական դժգոհության ալիքը կսրբի ու կտանի նրա՝ բավականին երերուն դարձած իշխանությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում